28 նոյեմբերի 2020 - 13:35 AMT
Մարուքյան․ Ռազմագերիների հարցով առաջարկում ենք ստեղծել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանձնաժողով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմում պահվող ռազմագերիներին, կզբաղվի նրանց վերադարձի հարցերով։

Մարուքյանի խոսքով՝ այդ հանձնաժողովը կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմում, գտնվելու իրական վայրերը և պահման պայմանները:

Պատգամավորը նշել է, որ միտքն առաջացել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում։

«Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր միջազգային հանրությանը և ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։