28 նոյեմբերի 2020 - 16:44 AMT
ՊՆ ղեկավարն անհետ կորածների և գերիների հարցն է քննարկել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անհետ կորածների և գերիների հարցն է քննարկել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության առաքելությունն ավարտող ղեկավար Քլեր Մեյթրոյի և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյի հետ հանդիպմանը:

Նշվել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ ԿԽՄԿ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը:

Առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, դեռևս անհայտ գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։