28 նոյեմբերի 2020 - 17:08 AMT
Հայկական կողմը հերքում է նոյեմբերի 27-ին 10 հայ զինծառայողի գերեվարման մասին լուրը

Լուրը, թե իբրև նոյեմբերի 27-ին գերեվարվել է 10-ից ավելի հայ զինծառայող, ապատեղեկատվություն է:

«Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,- հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նման տեղեկատվություն ավելի վաղ տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։