25 փետրվարի 2009 - 22:17 AMT
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 86,5 մլն դոլար վարկ
Համաշխարհային բանկը հավանության է արժանացրել Հայաստանին 85 մլն դոլար արժողությամբ վարկի տրամադրմանը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու գործում աջակցություն ցույց տալու նպատակով: Այդ մասին հաղորդում է Համաշխարհային բանկի մամլո ծառայությունը: Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով` 10 տարի արտոնյալ ժամանակաշրջանով:
Վարկը տրամադրվել է 4 ծրագրի զարգացման համար, որոնցից երեքը կիրականացվեն Միջազգային զարգացման ասոցիացիայի հովանու ներքո: Նշված գումարից 8 մլն դոլարը հատկացվում է Սոցիալական ներդրումների հիմնադրամի, 2 մլն դոլարը` փոքր ագրոբիզնեսի եւ գյուղական ոլորտում ձեռներեցության զարգացման, 25 մլն դոլարը` գյուղական ճանապարհների, 50 մլն դոլարը` «Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հասանելիություն» նախագծի իրագործման համար:
Բացի դրանից, ՀԲ-ի տնօրենների խորհուրդը նաեւ հաստատել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի կողմից Հայաստանին 1,5 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի տրամադրումը, որն ուղղորդված է Հայաստանում երկրաջերմային էներգետիկ պաշարների հետագա իրացմանը: