30 նոյեմբերի 2020 - 19:05 AMT
Քերոբյան․ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ, նախարար դառնալու առաջարկն ընդունել եմ, քանի որ ուզում եմ ազգին ծառայել

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելուն համաձայնել է, քանի որ ուզում է «ծառայել ազգին»։

Նա նշել է, որ բանակի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ ունի, այդ պատճառով էլ ընդունել է նախարար դառնալու առաջարկը, «որպեսզի զարգացնենք տնտեսությունն ու բանակը», փոխանցում է Factor.am-ը:

Քերոբյանն արձագանքել է հարցին, թե ինչու էր պատերազմի ընթացքում հայտարարում, «որ տասնամյակներով խաբել են՝ ասելով, որ մեր բանակն ուժեղ է, մարտունակ է», իսկ դրանից հետո ընդունել նախարար դառնալու առաջարկը։

«Ես ուզում եմ ծառայել իմ ազգին: Ես Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ»,- ասել է նա՝ հավելելով նաև, որ իր խոսքն այդ ժամանակ ամբողջությամբ չի ներկայացվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։