1 դեկտեմբերի 2020 - 10:38 AMT
Ադրբեջանական բանակը Քաշաթաղում է

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են Քաշաթաղի (Լաչինի) շրջան, որն ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ հայտարարության, դեկտեմբերի 1-ին պետք է անցներ Ադրբեջանին։

Քաշաթաղը փոխանցելով` Հայաստանը կորցնում է իր ցամաքային կապն Արցախի հանրապետության հետ։ Այս շրջանով բացվել է միջանցք հայկական կողմի երթևեկության համար, որտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։