1 դեկտեմբերի 2020 - 11:40 AMT
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ՌԴ մասնակցությունը ԼՂ վերականգնմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 30-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ մասնակցությունը ԼՂ հետպատերզմյան վերականգնմանը՝ ներառյալ փախստականների խնդիրների լուծումը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել ՌԴ մասնակցությանը ԼՂ վերականգնմանը՝ ներառյալ փախստականների և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության հարցերի լուծումը»,-ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։

ՌԴ և ՀՀ կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքը ԵՏՄ շրջանակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։