1 դեկտեմբերի 2020 - 14:39 AMT
Գոռ Գևորգյանը դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից և կշարունակի գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»,- ասվում է գրառման մեջ:

Պատգամավորը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է ծառայել հայրենիքին:

«Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Այժմ նա անկախ պատգամավոր է։