1 դեկտեմբերի 2020 - 21:12 AMT
Գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով

Գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, հայտարարել են այդ երկրի Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից։

«Ադրբեջանը հավատարիմ է գերիների և պատանդների փոխանակմանը՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»,- հայտարարել են կառուցից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հանձնաժողովից նաև հերքել են տարածվող լուրը, թե ադրբեջանցիները պատրաստվում են հայ ռազմագերիներին «ցույց տալ» զորահանդեսի ժամանակ, ադրբեջանական կողմը հայտարարել է, թե դա իրենց «ժողովրդին ու բանակին հարիր չէ»։

Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։