2 դեկտեմբերի 2020 - 10:34 AMT
60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական․ Արցախի ՄԻՊ-ն թարմացնում է ցուցակները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ անընդհատ թարմացնում են գերիների վերաբերյալ ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա։

Նրա խոսքով՝ գտած տեսանյութերից արդեն առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել:

«Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները»,- գրել է նա:

Բեգլարյանը հայտնել է, որ առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է մոտ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։