2 դեկտեմբերի 2020 - 10:57 AMT
Արցախցի պատգամավոր․ Ռուսերենին պետլեզվի կարգավիճակ տալու քննարկում չկա

Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում, հայտարարել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Նման քննարկումներ Արցախի խորհրդարանում չեն եղել», - ասել է նա:

Ավելի վաղ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում օրենքի նախագիծ է մշակում, ըստ որի՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։