Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է առաջին հիվանդներին ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչների թվից։
Տեղաբնակ մոտ 70 բնակիչ է դիմել բուժօգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Նշվում է, որ բնակիչները դիմել են հիմնականում սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման բողոքներով։ Բացի այդ, դիմել են նաև ատամնաբույժի օգնությանը։
Բուժջոկատի կազմում 100-ից ավելի ռազմաբժիշկ կա, այդ թվում՝ վիրաբույժներ, թերապևտներ, համաճարակաբաններ։ Ջոկատն ունի նաև լաբորատոր-դիագնոստիկ բաժանմունք, որը կարող է օրական մինչև 80 ռենտգեն, ֆլյուորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազտություն իրականացնել։ Կա նաև ավտովիրահատարան, որտեղ կարելի է օրական մինչև 40 անձի վիրահատական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի պալատով։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։