Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է, հայտարարել են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Կառույցից նշել են, որ բամաթիվ դիմումներ են ստանում այդ հարցով։
«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ»,-ասել են դեսպանատնից։
Նաև հիշեցրել են, որ ՀՀ ՊՆ-ն ստեղծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով` 81-35 թեժ գծով:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։