3 դեկտեմբերի 2020 - 12:53 AMT
ՄԻՊ-ն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների գծով 5-րդ փակ զեկույցն է պատրաստել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ պատրաստվել է ևս մեկ զեկույց էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ։ Սա 5-րդ փակ զեկույցն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Այն ընդգրկում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած դեպքերը, 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Դրանում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը:

«Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,- նշել է Թաթոյանը:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումները և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը:

Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ։