Ադրբեջանի պետական անվտագության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող անձանցից մեկը՝ լիբանանահայ Հովակիմ Քիքիյանը գերեվարված չէ, նա Հայաստանում է։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ինքը` Քիքիյանը։
Նա տեղեկացրեց, որ ունի երկքաղաքացիություն, 7 տարի է` վերադարձել է Լիբանանից, բնականաբար վարձկան և ահաբեկիչ չէ, ինչպես իրեն ներկայացնում է ադրբեջանական կողմը։
Նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իրենց «հիմնավոր կասկածներով» երկու լիբանանահայ՝ Վիգեն Էուլեջեկչյանը և Հովակ Քիքիյանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին և ահաբեկչական գործողություններ իրականացրել։ Ադրբեջանական կողմն Էուլջեկչյանին 5 հոդվածով մեղադրանք էր առաջադրել, այդ թվում՝ վարձկանության և ահաբեկչության։
Խաղաղ բնակիչ Վիգեն էուլջեկչյանը ադրբեջացիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 10-ին, Շուշիում։
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնել էին, որ ունեն Ադրբեջանի կողմում գտնվող միայն երկու լիբանանահայի անձնական տվյալներ (Վիգեն Էուլջեկչյանի և Մարալ Նաջարյանի), իսկ երրորդ անձի՝ Հովակիմ Քիքիյանի անհետացման պայմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունեն։
Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին և փորձել ներկայացնել որպես ահաբեկիչների։