3 դեկտեմբերի 2020 - 15:14 AMT
«ԱրմենՏելից»` «Տելեկոմ Արմենիա». Հայաստանի առաջին կապի օպերատորը նորից հայկական է

Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը, որի համաձայն «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն անցնում է «Թիմ»-ին:

«Շատ ոգևորիչ է գիտակցել, որ Հայաստանը վերջապես ունի կապի իսկապես ազգային օպերատոր: Մենք մտադրված ենք մեր ու մեր երկու միավորված թիմի ամբողջ ներուժն ուղղել Հայաստանում լավագույն առաջատար տեխնոլոգիների ներդրմանը: Մեր բաժանորդները շատ շուտով կստանան լիովին նոր առաջարկներ ու ծառայություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն բիզնեսի, ուսման և ցանկացած այլ ակտիվությունների համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանցը, որը կփոխի թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների բոլոր պատկերացումները։

Մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիան» արդեն հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը և դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, սակայն, ըստ պայմանավորվածության, դեռ որոշ ժամանակ կպահպանվի։

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են և մեծ փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում: