Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից՝ մասնավորապես, նշելով, որ քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերն իրավական պատասխանատվություն են առաջացնում։
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։
Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Նշվում է, որ հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։
Դեկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 3-ին 18։00-ին կփակվեն փողոցներ, կիրականացվեն անհնազանդության այլ ակցիաներ։