3 դեկտեմբերի 2020 - 18:13 AMT
Նախարար․ Գերիների ու անհետ կորածների հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի ու ԿԽՄԿ հետ շուրջօրյա բանակցում ենք

Պատերազմից հետո անհետ կորածների և գերիների հարցով Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

ՊՆ ղեկավարն Արցախում հանդիպել է իր պաշտոնակից, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։

Հարությունյանը նշել է, որ պարբերաբար զրուցում է ՌԴ-ում իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը:

Իր հերթին Արցախի ՊՆ ղեկավար Միքայել Արզումանյանը նշել է, որ ԱՀ-ում հետագա խնդիրների լիարժեք կատարման և անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ։

ՊՆ ղեկավարը կարևորել է ՊԲ-ում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետության անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:

Նախարարներն անդրադարձել են նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը:

Պատերազմից հետո դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից պաշտոնապես հայտարարվեց, որ իրենք կողմ են գերիների փոխանակման «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ հայկական կողմն առաջարկում է փոխանակել գերիներին նույն՝ բոլորը բոլորի դիմաց «սկզբունքով»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։