3 դեկտեմբերի 2020 - 19:12 AMT
Երևանի կրկեսի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջին

Երևանի կրկեսի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջում՝ դեկտեմբերի 31-ին։ Գործադիրի դեկտեմբերի 3-ի նիստում որոշվել է ներել «Երևանկրկես» ՍՊԸ-ի 7․2 մլն դրամի պարտքը, որը կուտակվել է ներդրումային պարտավորությունների չկատարման հետևանքով։

Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ։

Պետության հետ կնքված պայմանագրով Երևանի կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավորվել էր շինարարությունն ավարտել 2015 թվականին, սակայն չնախատեսված աշխատանքների պատճառով նախագիծը հարկ եղավ վերանայել և շենքը պետք է շահագործման հանձնվեր 2018-ի ավարտին։ 2018-ի տվյալներով` ներդրումները կազմել են 3 մլրդ դրամ։

Կրկեսի հին շենքը կառուցվել էր 1962թ։ Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն: Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար: