4 դեկտեմբերի 2020 - 11:20 AMT
ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են արել օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել Ղարաբաղը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը, իսկ Բաքվին և Երևանին՝ նպաստել նրանց հեռանալուն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջնին շարունակել կատարել նոյեմբերի լույս 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի պահպանման նախորդ պարտավորությունները։ Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրացի վարձկաններին անհապաղ լքել տարածաշրջանը, իսկ բոլոր կողմերին՝ նպաստել դրան»,- ասվում է տարածված հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Համանախագահ երկրների նախագահները նաև կոչ են արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ին, համակարգված կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հումանիտար իրավիճակի բարելավման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։