Հայաստանի բնակիչների մոտ կեսը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, պարզել է Gallup-ը վերջին հարցման արդյունքներով:
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը հեռախոսով, ընդգրկել Հայաստանի բոլոր քաղաքներն ու մարզերը:
Հարցվածների կեսից ավելին՝ 56%-ը, նշել է՝ Արցախում պատերազմից հետո իրեն ապահով չի զգում Հայաստանում: 19%-ը պատասխանել է, որ միանշանակ ապահով է, իսկ 19%-ի համար երկրում անվտանգության ապահովման առումով ոչինչ չի փոխվել:
«Հարցին, թե ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, հարցվածների 38%-ը պատասխանել է՝ պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ 45%-ը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա»,- հայտարարել է Gallup International ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
2020-ի հուլիսին, նույն Gallup- ի հարցումների համաձայն, Փաշինյանին աջակցում էր բնակչության 85%-ը, դեկտեմբերին՝ 38%-ը:
Նավասարդյանը նշել է, որ վարչապետի վարկանիշը կտրուկ՝ 10-ական տոկոսով նվազել է երկու իրադարձությունից հետո։ Մեկը նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրումն էր, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 26-ին Փաշինյանի ուղիղ հեռարձակումը, երբ նա խոսում էր Հայաստանի համար ցավալի զիջումների և «թասիբի» մասին։
Հարցվածների 42%-ը նշել է, որ ծանոթ է վարչապետի 6-ամսյա հակաճգնաժամային ծրագրին, իսկ կեսից ավելին` 53%-ը չի կարդացել այն:
Գրեթե հավասար են կարծիքներն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։ 41%-ը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, 46%-ը նշել է, որ պարտադիր պետք է ընտրություններ անցկացվեն։
«Հարցվածների 32%-ի կարծիքով՝ Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական ձևին, իսկ 38%-ը գոհ է խորհրդարանական ձևից: Դժվարացել է պատասխանել մարդկանց 30%-ը, ինչը նշանակում է, որ կառավարման տեսակները բնակչությանը պատշաճ չեն բացատրվել, մարդիկ մինչև հիմա չգիտեն դրանց տարբերությունը», - ասել է Նավասարդյանը:
Հարցվածների 87%-ը կարծում է, որ Հայաստանի անվտանգությանն ամենաշատը սպառնում է Թուրքիան, 71%-ի կարծիքով՝ Ադրբեջանը։
Մինչև տարեվերջ կանցկացվի ևս երկու հարցում, որոնցում կլինեն քաղաքական բնույթի հարցեր: