4 դեկտեմբերի 2020 - 16:44 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ-ի՝ ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։

«Ֆրանսիայի խորհրդարանի թե՛ ստորին, թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։

Կարևոր ենք համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծման և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչման, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը։

Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել 188 կողմ և 3 դեմ ձայնով։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձևը Սենատի կայացրած որոշումից մեկ շաբաթ անց։