4 դեկտեմբերի 2020 - 18:53 AMT
Պեսկով․ ԼՂ պատկանելությունը վաղուց որոշված է ԱԽ բանաձևերով

ՌԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է ԱԽ բանձևերով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ տարածքի պատկանելությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով բավականին վաղուց։ Այդ ամենը նշված է ԱԽ բանաձևերում։ ՌԴ-ն ոչինչ չի փոխել։ Ոչ մի երկիր էլ չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե փոխել է արդյոք ՌԴ-ն վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի հարցում պատերազմից և եռակողմ հայտարարությունից հետո։

«Նախագահ Պուտինը ևս ասել է, որ Ղարաբաղը որպես այդպիսին չի ճանաչվել, չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից։ Այդ մասին ասել է նախագահ Պուտինը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։