4 դեկտեմբերի 2020 - 18:57 AMT
Արցախում վնասված մոտ 2800 օբյեկտից 250-ը վերականգնման ենթակա չէ

Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ վնասվել է մոտ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, գրում է «Արցախպրեսը»։

Նա հավելել է, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:

Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում:

Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:

Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2, 3, 4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:

Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքի գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ: