5 դեկտեմբերի 2020 - 10:46 AMT
Ստեփանակերտ 1 օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել

Դեկտեմբերի 4-ին ավելի քան 1200 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Նրանց տեղափոխման անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական ավտոբուսները։ Երևանից Ստեփանակերտ է հասել 1244 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոբուսները երթևեկել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել մոտ 32,000 փախստական։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti