5 դեկտեմբերի 2020 - 11:50 AMT
Բաքուն առաջին անգամ հայ գերիների մասին մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին

ՀՀ կառավարության դիմումի հիման վրա դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում պահվող մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ն Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

Պատերազմից հետո դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից պաշտոնապես հայտարարվեց, որ կողմ են գերիների փոխանակմանը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ հայկական կողմն առաջարկում է փոխանակել գերիներին նույն՝ «բոլորը` բոլորի դիմաց սկզբունքով»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։