5 դեկտեմբերի 2020 - 12:30 AMT
Արցախն ականազերծվում է նաև ռոբոտատեխնիկայի միջոցով

ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողներն Արցախում առաջին անգամ ականզերծման նպատակով կիրառել են «Ուրան 6» ռոբոտը։ Համակարգի միջոցով արդեն 8 հա տարածք է հետազոտվել Խոջալու ավանի մոտ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հեռավար կառավարմամբ ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների մակերեսը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը։ Օպերատորը կարող է կառավարել համալիրը 800 մ հեռավորությունից՝ սարքն ունի բարձր հստակության 4 տեսախցիկ, որոնք ապահովում են շրջանաձև տեսադաշտ։

«Ուրան 6» համալիրը վնասազերծում է հողում եղած զինամթերքը պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման եղանակով։ ՌԴ ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։