ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով՝ հայտարարելով, որ երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ է և կարիք ունենք շրջադարձային որոշումների:
«Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված: Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին:
Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախագահը նշել է նաև, որ կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է:
«Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ: Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ: Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ»,-ասվում է ուղերձում:
Արմեն Սարգսյանը հայտարարել է նաև, որ այսօր կարիք ունենք շրջադարձային որոշումների:
«Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում: Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին:Աստված պահապան բոլորիս»,- ասված է նախագահի կոչում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։