Ռուս խաղաղապահները ականազերծել են Լեռնային Ղարաբաղի Շուշի-Լիսոգոր ճանապարհի երկայնքի էլեկտրահաղորդման աշտարակների հարակից տարածքները:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մաքրվել է 4․8 հա տարածք և 2․5 կմ ճանապարհ, ոչնչացման համար տարհանվել է պայթյունավտանգ 35 առարկա:
Ընդհանուր ռուս ականազերծողները Ղարաբաղյան հակամարտության գոտում մաքրել են մոտ 50 հա տեղանք, 17 կմ ճանապարհ, վնասազերծել պայթյունավտանգ մոտ 1150 առարկա։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։