5 դեկտեմբերի 2020 - 15:25 AMT
Ռուսաստանաբնակ հայերը 5 ռեանիմոբիլ են նվիրել Արցախին

Ռուսաստանաբնակ հայեր Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը 5 ռեանիմոբիլ են նվիրել Արցախին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

200,000 դոլար արժողությամբ մեքենաները հագեցած են տարբեր տեսակի բժշկական սարքավորումներով:

Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։