7 դեկտեմբերի 2020 - 12:14 AMT
Արցախի ՄԻՊ-ը Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցուց սրբապատկերները և խաչքարերը տեղափոխել էր Ստեփանակերտ

Սրբապատկերներ, քանդակներ, խաչքարեր ու քրիստոնեական այլ իրեր տարհանվել են նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցուց։ Դրանք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի թիմը տեղափոխել է Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային:

Տարհանումը եղել է Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին, ՄԻՊ թիմի՝ Նոր Մարաղա ու հարակից գյուղեր այցի ժամանակ։

«Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա»,- գրում է ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց դրոշն արդեն տեղադրել են հայկական այդ եկեղեցու վրա:

Աղդամն ադրբեջանական կողմին է փոխանցվել նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու ՀՀ, ՌԴ և Ադրբեջան եռակողմ հայտարարությամբ։