«Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու` Վազգեն Մանուկյանի առաջադրելվուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և «կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին»։ Այս մասին հատարարել է Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը:
Նա անդրադարձել է սոցցանցերում պտտվող այն տեսանյութին, որտեղ Մանուկյանն ընտանիքների 10%-ին անվանում է անասունների ընտանիք: Գասպարյանը նշել է, որ Մանուկյանի խոսքը միտումնավոր կտրված է կոնտեքստից և փորձ է արվում նրա խոսքերն այլ ենթատեքստով ներկայացնել։
Իրականում խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների մասին քննարկման կոնտեքստում և վերաբերել է ընտանեկան բռնություն իրականացնողներին։
«Քննարկումը բավականին թեժ էր, և Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։ Հետեւաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ»,- գրել է նրա խոսնակը՝ նշելով, որ իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով մեկնարկած գրոհ է։
Դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է։
Նշվում է, որ միասնական թեկնածուն կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Իսկ խորհրդարանական ընտրությունները կկայանան նրա վարչապետ դառնալուց 1 տարի անց։