7 դեկտեմբերի 2020 - 14:22 AMT
Մարուքյան․ Պետք է հանդիպենք Վազգեն Մանուկյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտնել է, որ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար և ներկայիս վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում կլինի:

Մանուկյանն ընդդիմադիր 17 կուսակցության միասնական թեկնածուն է։

«Նման նախաձեռնություն կա, պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք: Որևէ առումով չպետք է ասենք՝ «չէ, իմն է ճիշտը, և ես պետք ա էսպես անեմ», կամ մյուսն ասի՝ «չէ, իմն է ճիշտը, և ես պետք է էսպես անեմ»: Այլապես չի ստացվի միասնական որևէ գործողություն», - ասել է պատգամավորը։

Մարուքյանը նշել է, որ շարունակելու են շփումները բոլոր ուժերի հետ։

Նա հիշեցրել է նոյեմբերի 10-ին իրենց հրապարակած 13 կետանոց ճանապարհային քարտեզի մասին, որտեղ անդրադարձ կա անցումային կառավարության ստեղծմանը, պատերազմից հետո գերիների վերադարձին, Սփյուռքի հետ համախմբման, վիրուսի դեմ պայքարի, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը և ոչ միայն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։