9 դեկտեմբերի 2020 - 10:48 AMT
Լավրովը ԼՂ իրավիճակը քննարկել է Չավուշօղլուի և Բայրամովի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Չավուշօղլուի հետ զրույցում կողմերն ընդգծել են ԼՂ-ում հրադադարի ամրապնդման շրջանակում երկու երկրի ջանքերի համակարգման շարունակությունը՝ դիտարկման համատեղ կենտրոնի և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման շրջանակում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրով-Բայրամով հեռախոսազրույցում քննարկվել է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության կատարման ընթացքը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։