9 դեկտեմբերի 2020 - 11:36 AMT
ԱԳ նախարար․ Ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է, որ ռազմական ուժի կիրառմամբ ԼՂ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են իրենց միջազգային պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները:

«Սեպտեմբերի 27-ից ի վեր միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին»,-ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի գործոնին՝ Այվազյանը կարևորել է նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշել է ագրեսորին և անդրադարձել Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։

Այվազյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար, ներկայացրել է Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։

«Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ»,-ասել է նախարարը։ :

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։