9 դեկտեմբերի 2020 - 16:07 AMT
Քարվաճառում ականի վրա 3 ադրբեջանցի է պայթել

Քարվաճառում ականազերծման աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի երեք զինվորական է ականի վրա պայթել, նրանից մեկը վիրավոր է, այս մասին տեսանյութ են հրապարակել նրանց աշխատանքին հետևած հայ դիրքապահները։

Ըստ դրա՝ զինվորականներն ականազերծողներից առաջ են ընկնում՝ չպահպանելով անվտանգության կանոնները։

Նույն տեսանյութում երևում է նաև, որ ականազերծողների «աշխատանքի» արդյունքում տրակտոր էլ է պայթել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։