9 դեկտեմբերի 2020 - 16:22 AMT
Պատերազմում հաշմանդամություն ստացածներն աջակցող միջոցների համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց։

Մասնագետներն անձի կարիքը կգնահատեն նրա գտնվելու վայրում (առողջապահական կազմակերպությունում, վերականգնողական կենտրոնում, տանը), ինչպես նաև՝ տեսակապի միջոցով:

Բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը և պետական հավաստագրի տրամադրումը կազմակերպվում է 3-10 օրվա ընթացքում:

Վերին և ստորին վերջույթների պրոթեզավորումն իրականացվում է ամպուտացված ծայրատի լրիվ վերականգնումից հետո, ինչը կարևոր է շահառուի առողջության հետ կապված լրացուցիչ բարդություններից խուսափելու համար:

Աջակցող միջոցները տրամադրվում են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Նրանք նույնպես կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լսողական սարք ստանալու դեպքում՝ նաև աուդիոգրամմա և տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության մասին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։