Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպմանը նրա ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա։
Այվազյանը նշել է, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Նախարար Այվազյանը Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։