10 դեկտեմբերի 2020 - 16:54 AMT
ԱՀ ԱԳՆ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը կայուն խաղաղություն կհաստատի

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է: Այդ մասին ասվում է Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

«Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը:

1991-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որն ԱՀ ժողովրդի կամարտահայտման բարձրագույն դրսևորումն է:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։