11 դեկտեմբերի 2020 - 11:53 AMT
Զախարովա․ ՀՀ-ն ու Ադրբեջանը մեխանիզմներ են մշակել՝ արձագանքելու հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հետկոնֆլիկտային փուլում ծագած խնդիրներին արձագանքելու համար հատուկ մեխանիզմներ են մշակել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նա խոսել է նաև նոյեմբերի 9-ին ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման մասին։

Զախարովայի խոսքով՝ ՀՀ-ն ապահովելու է դեպի Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժը, իսկ ՌԴ սահմանապահները հսկելու են այն։

Ըստ նրա՝ ամենահեռանկարային ուղղությունը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։ Զախարովան հայտնել է, որ ռուս մասնագետների մասնակցությամբ Նախիջևանի և Հայաստանի սահմանային հատվածներում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ։

Նա նշել է նաև` պայմանավորվածություն կա, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցումը, որը կկապի Նախիջևանի ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti