11 դեկտեմբերի 2020 - 13:58 AMT
Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կարվեն

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կիրականացվեն։ Կառավարությունն այդ նպատակի համար 10 մլն 66 հազար դրամ է հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի բյուջեի տնտեսված միջոցներից:

Գումարը կհատկացվի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, որն իրականացնելու է աշխատանքները, պեղման աշխատանքներում կներգրավվի նաև տեղի բնակչությունը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին պահպանված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը: