11 դեկտեմբերի 2020 - 14:07 AMT
Ամանորին նվազագույնը 2500 նվերի փաթեթ՝ արցախցի երեխաներին

«Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնության շրջանակում հավաքվել է մոտ $22,000` նրանց երազանքներն իրականացնելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, երեխաներն իրենց նամակները գրել են մինչև դեկտեմբերի 5-ը։

«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերի փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ և այլն»,- ասել է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը:

«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:

Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում: