11 դեկտեմբերի 2020 - 14:19 AMT
Անհետ կորածների ընտանիքի անդամների բուժօգնությունը պետպատվերի շրջանակում կարվի

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն info@moh.am հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերն են`

• Անձնագրի պատճեն

• Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)

• Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք

• Հասցե

• Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարելի է զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։