11 դեկտեմբերի 2020 - 16:35 AMT
Նախագահն ու Արարատ Միրզոյանը քննարկել են իրավիճակը ՀՀ-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:

Նախագահը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:

Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։