11 դեկտեմբերի 2020 - 20:12 AMT
ՄԻՊ-ը կուսումնասիրի քաղաքացիների բերման ենթարկման հիմքերը

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն ընթանում են պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկելով։ Փաշինյանը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարցը չկա։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։