12 դեկտեմբերի 2020 - 14:17 AMT
Կոնգրեսական․ ՀՀ մասին Ալիևի խոսքերը հիշեցնում են Ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը, որպեսզի կասեցվի ապագայի ռազմական ագրեսիան և մարդու իրավունքների խախտումը։

«(Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի՝ Հայաստանի մասին խոսքերը, թե դրանք «ադրբեջանական պատմական հողեր են», սարսռեցնող են և հիշեցնում են Հայոց ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Սյունիքը, Երևանը և Սևանն ադրբեջանական հողեր են։