27 փետրվարի 2009 - 15:15 AMT
Հայ փախստականները պահանջում են իրենց ապագայի մասին հարցը արծարծել Ղարաբաղի շուրջ բանակցություններում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության իսկական եւ հիմնական զոհերը հայ փախստականներն են Ադրբեջանից եւ այն մարդիկ, որոնք դարձան Բաքվում, Սումգաիթում եւ ադրբեջանական այլ քաղաքներում հայերի ջարդերի զոհը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Փախստականներն ու միջազգային իրավունքը» կազմակերպությունների ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը: «Այսօր Սումգաիթում հայերի կոտորածի 21-րդ տարելիցի նախօրեին, Ադրբեջանը լքած հայ փախստականները պահանջում են պաշտոնական Երեւանից արծարծել իրենց հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում»,-հայտարարել է Է.Ասատրյանը: Նրա խոսքերով, հայ փախստականները, որոնք այսօր շուրջ 500 հազար են աշխարհում, Ադրբեջանից բարոյական, ֆինանսական եւ տարածքային փոխհատուցում ստանալու բոլոր իրավունքներն ունեն:

«Եթե Բաքուն մինչ այժմ բարձրացնում է իր փախստականների հարցը բանակցություններում, ապա ինչո՞ւ հայկական կողմը նույն կերպ չի վարվում: Մենք դրա իրավունքն ունենք«,-նշել է Ասատրյանը: Նա ասել է նաեւ, որ կազմակերպությունը բազմիցս է դիմել Հայաստանի եւ ԼՂՀ իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, սակայն համապատասխան արձագանք չի ստացել: «Մենք առաջարկեցինք ԼՂՀ իշխանություններին մասնակի փոխհատուցում տալ հայ փախստականներին` հնարավորություն տալով նրանց վերաբնակվել Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում: Անշուշտ, մինչ այժմ մենք պատասխան չենք ստացել, սակայն Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ դեմ չէ»,-ասել է Ասատրյանը:

Հայ բնակչության կոտորածները Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում փետրվարի 26-29-ը, դարձան ազգային հողի վրա առաջին բռնության դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ: Սումգաիթի ջարդը շարունակվեց երեք օր եւ ուղեկցվում էր զանգվածային բռնություններով, թալանով ու սպանություններով, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ փախստականների առաջին հոսքերը Ադրբեջանից հասնեն Հայաստան ու ԼՂՀ: Պետք է նշել, որ Հայաստանը ադրբեջանցիներին հնարավորություն տվեց վաճառել կամ փոխանակել իրենց գույքը, այն դեպքում, երբ Ադրբեջանի հայերին ուղղակի բռնի կերպով արտաքսեցին իրենց տներից: Այժմ, ըստ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, Հայաստանում կան 235 հազար փախստականներ: