14 դեկտեմբերի 2020 - 13:49 AMT
Փաշինյանը՝ իր հրաժարականի մասին․ Կարգավիճակիցս կհրաժարվեմ միայն ժողովրդի հավաստի կամարտահայտման հիման վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին՝ հայտարարելով, թե ինքը կհրաժարվի պաշտոնից միայն «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»:

«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ», - ասել է վարչապետը:

Դեկտեմբերի լույս 14-ի գիշերը ևս Փաշինյանի հրաժարականի մասին լուրեր էին շրջանառվում հայկական ու ռուսական աղբյուրներում։

Նա նշել է, որ տարածվում են ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություններ, որոնց «նպատակը ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը»:

Ըստ նրա՝ օրվա առաջին խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և կառավարությունը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով:

«Կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, և նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որևէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»,- հայտարարել է նա՝ խոսելով տարածվող ապատեղեկատվության մասին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։