Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ $315 մլն վարկ կհատկացնի Հայաստանին։ Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկը։
Դեկտեմբերի 11-ին հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, որոնցով Հայաստանին հասանելի է դարձել մոտ $36․7 մլն բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել է մոտ $315 մլն-ի վարկ։
Հիմնադրամի գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։
Այնուամենայնիվ, նշվում է, որ ԿԲ-ն պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը։
Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար:
«ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ է, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին»,- նշվում է հաղորդագրության մեջ: