14 դեկտեմբերի 2020 - 18:49 AMT
Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովն ու Գուլիևը հանձնվել են Բաքվին

Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար ցմահ և 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել են Ադրբեջանին։ Նրանք արդեն Բաքվում են, գրում է Day.az-ը։

Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:

Ինչպես նշում է ադրբեջնական մամուլը, դեկտեմբերի 14-ից մեկնարկել է գերիների և պատանդների փոխանակումն Ադբեջանի և ՀՀ միջև։

Նշվում է, որ Միջազգային կազմակերպությունների և ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքում Ադրբեջանն ու հայկական կողմը պայմանավորվել են փոխանակել գերիներին և պատանդներին «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով։

Իլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։